<<ՄԵՆՔ ՆԱՅՈՒՄ ԵՆՔ ՎԱՌ ՀՈՒՅՍԵՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ԱՊԱԳԱՆ>> Վերը նշված կարգախոսով առաջնորդվելով «Լուսավորչի Կանթեղ» երիտասարդաց միությունը Գ. Լուսավորչի մուտն ի Վիրապ տոնի առթիվ կազմակերպեց հերթական Աստվածահաճո միջոցառումը: Գրիգոր Լուսավորիչը լինելով քրիստոնյա, Տրդատ ІІІ-ի կողմից ենթարկվում է 13 մահացու տանջանքների, սակայն այդ ամենը լոկ միայն մարմնական ցավեր էին,բայց Գրիգորի հոգին առանց հուսահատվելու, համարձակ քարոզում էր ժողովրդին ճշմարիտ Աստծո կենսատու խոսքը: Այդ չարչարանքներից հետո Գրիգորին նետում են Վիրապի գուբը,որտեղ նա 14 տարի ապրում է օձերի,կարիճների և այլ տեսակ թունավոր զեռուների մեջ: Սակայն նա չի հուսահատվում և աղոթքի միջոցով կարողանում է հաղթահարել այդ երկար ու ձիգ տարիները:Այս տոնի առթիվ «Լուսավորչի Կանթեղ» երիտասարդաց միությունը ուխտերթ կազմակերպեց դեպի Խոր Վիրապ: Ուխտի նպատակն էր Աստծուց ստանալ այն ուժն ու կարողությունը, որով պետք է դիմակայենք այսօրվա և վաղվա ժամանակների կողմից «նետվող նետերին»: Մինչ Խոր Վիրապ գնալը Բյուրավան համայնքի հոգևոր հովիվ՝ Տ. Ղազարի հրավերով Գ. Լուսավորիչ եկեղեցում բաց Պատարագ էր մատուցում արժանապատիվ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հյուրերի թվում էին նաև Տեր Պետրոսը, Տեր Հարությունը, ԱՀԹ – ի տարբեր երիտասարդաց և տիկնաց միություններ: Կարելի է ասել, որ այսօր եկեղեցին թնդում էր հարյուրավոր ուխտավորների աղոթքներով: Ս. Պատարագից հետո Գ. Լուսավորիչ եկեղեցու բակում ուխտավորները համտեսեցին ավանդական, պահոց, ոսպով կոտլետները,որից հետո շարժվեցին Արարատի շրջանում գտնվող նոր կառուցվող եկեղեցիները, որոնք գտնվում են Նոր Կյանք(Ս. Սարգիս) և Ոսկետափ(Ս. Համբարձում) գյուղերում: Այս կառուցվող եկեղեցիներում կատարվեց Անդաստանի արարողակարգ, և յուրաքանչյուր հոգևորական իր սրտից բխած մախթանքը հղեց և՛ եկեղեցիների բարերարներին,և՛ բնակիչներին. հորդորելով ամուր պահել Մայր եկեղեցին: Յուրաքանչյուր գյուղում ուխտավորների համար պատրաստվել էր փոքիրկ հյուրասիրություն: Երիտասարդները ոգեշնչված Աստծո խոսքով և սիրով ճանապարհվեցին դեպի Խոր Վիրապ: Մուտքի մոտ «Լուսավորչի Կանթեղ» երիտասարդաց միությունը ներկայացավ «Էջմիածին» պարով, մեզ նաև միացան տարբեր երիտասարդաց միությունների անդամներ, որոնց մեծ շնորհակալություն ենք հայտնում: Այս պարն ունի իր հոգևոր բացատրությունը, այն է՝ 2 դեպի աջ և 2 դեպի ձախ շարժումները խորհրդանշում են 4 ավետարանիչներին(Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես),6 դեպի աջ և 6 դեպի ձախ շարժումները՝ 12 առաքյալներին,իսկ ձեռքերը վեր պարզած 8 շարժումները խորհրդանշում են եկեղեցու սյուները և գմբեթը։ Երիտասարդները ոգևորվելով պարեցին նաև այլ ազգային պարեր, ինչը էլ ավելի գեղեցկացրեց միջոցառումը: «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը ևս մեկ անակնկալ էր պատրաստել. նրանք ներկայացան իրենց հիմնով, որը հանդիսանում է Հ. Թումանյանի համանուն բանաստեղծություն՝ «Լուսավորչի Կանթեղ»-ը: Այս տարաբնույթ միջոցառումներից հետո բոլորս սրտի թրթիռով իջանք այն վայրը որտեղ Գրիգոր Լուսավորիչը ապրել էր 14 տարի, իսկ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցեցինք խաղաղական ժամերգության: Այս օրը ևս դարձավ այն ազգային ու եկեղեցական զարթոնքի մի մասը, որում յուրաքանչյուրս ունենք մեր ուրույն տեղը:
Սիրելի երիտասարդներ «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում անցկացվելիք քարոզներին, որոնք տեղի կունենան յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 18:00: Քարոզները կանցկացնի արժանապատիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ
<<Լուսավորչի կանթեղ>> Երիտասարդաց միության հիմնը