Համաձայն Մայր եկեղեցու ուսուցման. Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշում է մեղքերից ազատվելը, իսկ ճյուղերի ընծայումը՝ առանձնակի պատիվն ու հանդիսավորությունը:
Ծաղկազարդի տոնը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հռչակել է որպես մանուկների օրհնության օր:
Վերջին տարիներին այս տոնը համայն հայությունը նշում է առանձնակի սիրով ու մեծ սպասումով՝ մասնավորապես Բյուրավան համայնքը: Այս տարի Բյուրավանում կրկնակի տոն էր. իր անդրանիկ Պատարագն էր մատուցում նորընծա Տ. Համազասպ քահանա Գրիգորյանը, ում մաղթում ենք, որ Աստված միշտ հաստատուն պահի հավատքի և գործունեության մեջ: Ծիսակատարությանը ներկա էր նաև երիտասարդների կողմից շատ սիրված հոգևորական Տ. Տաճատը: Պատարագից հետո համայնքի հոգևոր հովիվ՝ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը մեծ սիրով օրհնության կարգ կատարեց մանուկների համար: Օրհնությունը վերցնելով երեխաները շտապեցին դուրս՝ եկեղեցու բակ, որտեղ «Լուսավորչի Կանթեղ» երիտասարդաց միությունը կազմակերպեց կավճանկարչություն՝ մանկական երգերի ներքո: Մասնակից երեխաները իրենց վառ երևակայությամբ և պատկերացմամբ նկարում էին տարբեր պատկերներ. Խաչ, եկեղեցի, ծաղիկ, ծառ, հրեշտակ և այլն: Նույնիսկ երիտասարդաց միության անդամները շատ ոգևորվելով խառնվեցին երեխաներին և սկսեցին նկարել, պարել և ուրախանալ նրանց հետ: Վերջում երեխաները բացատրում էին իրենց նկարած պատկերները՝ յուրաքանչյուրն իր մանկական անկեղծությամբ և վառ երևակայությամբ:
Համայնքի կողմից նրանց բաժանվեց տոնական փուչիկներ, որոնք ավելի պայծառ դարձրեցին մանկական անկեղծ ժպիտները:
«Լուսավորչի Կանթեղ» երիտասարդաց միությունը ջանք ու եռանդ չխնայեց, որ երեխաների տոնը դարձներ էլ ավելի ուրախ ու հետաքրքիր: Կարծում եմ, որ դա ստացվեց, այդ էին վկայում մանուկների ուրախ ու կրակոտ աչուկները…
Սոֆի Գաբրիելյան